ENG GE AZ

ARM

Նախագծին կարող եք ծանոթանալ համակարգչային դիտման տարբերակով

Պատմություններ տեղահանումների մասին.
երեք սերունդների ճակատագիրը, տասնամյակների հակամարտությունից հետո

Վերջին մեկ տարվա ընթացքում, 2020 թվականի պատերազմի արդյունքում, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը բախվել են տեղահանված մարդկանց համար երկարաժամկետ բնակարաններ գտնելու խնդրին: Խնդիրը, սակայն, նորություն չէր Հայաստանի կառավարության համար: Երկրի կառավարությունն ավելի քան 30 տարի փորձում է լուծել Ադրբեջանից տեղահանված փախստականների բնակարանային հարցը։ Օգտվելով վիճակագրությունից և այլ աղբյուրներից, զրուցելով մարդկանց հետ՝ Չայ Խանան ուսումնասիրեց, թե ինչպես է կառավարության քաղաքականությունը փախստականների նկատմամբ փոխվել տասնամյակների ընթացքում:
Երբ Հայաստանը 1991թ․-ին հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից, բախվեց մի քանի անմիջական ճգնաժամերի, ներառյալ Ադրբեջանի հետ շարունակական պատերազմը և հակամարտությունից փախչող փախստականների ալիքները:
Պատերազմը, ըստ Հայաստանի կառավարության, տեղահանեց ավելի քան կես միլիոն էթնիկ հայերի, որոնցից 360․000-ը տեղափոխվեցին Հայաստան: Ըստ պաշտոնական խորհրդային մարդահամարի՝ Ադրբեջանից տեղահանված էթնիկ հայերի ընդհանուր թիվը ավելի մոտ է 352․000-ին: Անկախ ճշգրիտ թվից՝ նորաստեղծ պետության համար մարտահրավերը հսկայական էր, հատկապես այն դեպքում, երբ կառավարությունը, 1988թ․-ի Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում, արդեն իսկ առերեսվել էր հազարավոր տեղահանվածների հետ։
ԽՍՀՄ-ի վերջին մարդահամարը կատարվել է 1989թ.-ին, ինչը, սակայն, ամենավստահելի աղբյուրը չէ այս հետազոտության համար, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսվել էր դեռևս 1988 թ․-ին։ Եվ արդեն այդ ժամանակ Ադրբեջանից Հայաստան էին փախել հազարավոր հայեր, Հայաստանից՝ Ադրբեջան՝ հազարավոր ադրբեջանցիներ, և այդ շարժը որևէ տեղ փաստագրված չէ:

story story

Մի քանի հազար էթնիկ հայեր (պաշտոնական թիվը բացակայում է) փախել են Ադրբեջանից և բնակություն հաստատել Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Նրանցից շատերը երբեք չեն եկել Հայաստան, այլ ուղղակիորեն մեկնել են երրորդ երկրներ։ Իսկ շատերն էլ, որոնք եկել էին Հայաստան, որոշ ժամանակ անց տեղափոխվել են այլ երկրեր` տնտեսական ճգնաժամից և շարունակվող պատերազմից խուսափելու համար:
Ալեքսեյ Մնացականովը ծնվել է Բաքվում և ստիպված է եղել ընտանիքի հետ միասին լքել հայրենի քաղաքը, Բաքվի ջարդերից մեկ շաբաթ առաջ։ «Ես 12 տարեկան էի, ուստի ամեն ինչ շատ լավ հիշում եմ»,- ասում է նա։ Ալեքսեյի ընտանիքը սկզբում բնակություն հաստատեց Ռուսաստանում՝ որոշ հարազատների հետ, բայց ի վերջո տեղափոխվեց ԱՄՆ:

Անահիտ Բաղդասարյանի ծնողները ծնունդով Ադրբեջանից են։ Հայրը պատերազմից առաջ էր տեղափոխվել Հայաստան, իսկ մայրը ստիպված է եղել լքել Գյանջան 1989թ․-ին։
«Սումգայիթի դեպքերից հետո նրանք հասկացան, որ այնտեղ մնալն արդեն վտանգավոր էր»,- ասում է Անահիտը։

Հրատապ աջակցություն վերահաս ճգնաժամին
Ի լրումն պատերազմի պատճառով ստեղծված փախստականների ճգնաժամին՝ Հայաստանի կառավարությունը բախվում էր նաև էթնիկ հայ փախստականների ալիքներին, ովքեր ապաստան էին փնտրում՝ փախչելով հետխորհրդային, հակամարտության մեջ գտնվող այլ երկրներից՝ Չեչնիայից և հարևան Վրաստանից: ԱՄՆ փախստականների և ներգաղթյալների հարցերով զբաղվող կոմիտեն հայտնել է, որ 11000 էթնիկ հայեր լքել են իրենց տները նախկին Խորհրդային Միությունում և վերաբնակվել Հայաստանում։ Հայաստանի կառավարությունը, սակայն, նրանց փախստականներ չէր համարում, և նրանք իրավասու չէին օգտվելու Ադրբեջանի հետ պատերազմի պատճառով տեղահանվածների համար ստեղծված բնակարանային լուծումներից։

story

Վերաբնակեցման եռափուլ ծրագիր
1999թ․-ին, պատերազմի ավարտից հինգ տարի անց, կառավարությունը որոշեց բնակարանային ճգնաժամի խնդրի լուծմանն ուղղված ավելի կազմակերպված մոտեցում որդեգրել ։ 1999թ.-ի նոյեմբերին Հայաստանի կառավարությունը ստեղծեց Միգրացիայի և Փախստականների վարչություն՝ փախստականների բնակարանային հարցերը լուծելու և հասարակությանը լիարժեք ինտեգրվելուն աջակցելու համար։
Վարչությունն ընդունեց մի ծրագիր, ըստ որի, ծրագրից օգտվելու հիմք ունեցող բոլոր փախստականների բնակարանային խնդիրը պետք է լուծվեր մինչ 2000թ․-ը։ Սակայն, ֆինանսների սղության պատճառով, ծրագիրն ամբողջապես իրականացնել չստացվեց ։
Թեև ծրագիրը չհասավ իր նպատակին, մինչև 2004թ.-ի հուլիսը 3800 փախստական ընտանիք (մոտ 15000 մարդ) ստացավ բնակարան, ներառյալ այն 300 ընտանիքները, որոնց աջակցել էր Հայաստանի կառավարությունը։ Մնացածը բնակեցվել են միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցով, ինչպիսիք են Նորվեգիայի փախստականների խորհուրդը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը և Գերմանիայի կառավարությունը:
«Միջազգային դոնորների օգնությամբ տարբեր մարզերում կառուցվել են տներ, քոթեջներ»,- ասում է Հայաստանի միգրացիոն ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանը։
Չարենցավան քաղաքում երեք փուլով (1995-2000թթ.) կառուցված թաղամասը ևս ֆինանսավորվել է միջազգային դոնորների կողմից։

«Միջազգային իրավունքի համաձայն՝ ընդունող երկիրը փախստականներին կացարանով ապահովելու իրավական պարտավորություն չունի»,- ասում է Եգանյանը։ «Բայց սա մի հարց էր, որն այլ շերտեր ուներ. մարդիկ փախստական դարձան հայկական շարժման՝ Ղարաբաղի շարժման արդյունքում։ Հակամարտության ու պատերազմի պատճառով բոլորը որոշակի գին վճարեցին»:
Նա նշում է, որ Հայաստանում բնակչությունը վճարել է տնտեսական ծանր պայմաններում ապրելու գինը, Ղարաբաղի բնակչությունը վճարել է տարիներ շարունակ ռմբակոծությունների տակ ապրելու գինը, հայկական սփյուռքը վճարել է Հայաստանին տնտեսապես օգնելով և որոշ դեպքերում նույնիսկ գալ-կռվելով: Սակայն ամենամեծ գինը թերևս, վճարել է Խորհրդային Ադրբեջանի հայ բնակչությունը՝ կորցնելով իրենց տներն ու ունեցվածքը, ենթարկվելով բռնության և բռնի տեղահանման։
«Դա արդեն բարոյական հարց էր, և մենք հենց այդպես էլ ներկայացրեցինք կառավարությանը։ Կարևոր չէ, որ մարդը եկել է իր «հայրենիք»։ Նրանք կորցրել էին ամեն ինչ, և աղքատությունը կարող էր ստիպել նրանց հեռանալ Հայաստանից»,- ասում է Եգանյանը, հավելելով, որ 2004թ․-ին կոմիտեն այցելել է այն բոլոր հանրակացարաններն ու հյուրանոցները, որտեղ բնակվում էին փախստականները՝ բնակչության և նրանց կենսապայմանների մասին տվյալներ հավաքելու նպատակով։
2004թ․-ի մայիսին՝ պատերազմի ավարտից տասը տարի անց, Հայաստանի կառավարությունը փորձեց խնդրին լուծում տալ «1988-1992 թթ․-ին Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակարանային առաջնահերթության ծրագրի մասին» ակտի միջոցով։ Ակտը նախանշում էր 16 միլիոն դոլար արժողությամբ նոր ծրագիր, որը կլուծեր բնակարանային խնդիրը։ Ծրագրում անդրադարձ կար նաև ֆինանսական բարդություններին՝ պարզաբանելով, որ խնդրի ամբողջական լուծումը կարժենա ավելի քան 50 մլն դոլար։
Ըստ ակտում նշված թվերի՝ Ադրբեջանից տեղահանված և ՀՀ-ում բնակություն հաստատած մոտ 65․000 մարդ ուներ բնակարանի կարիք: Սակայն այս թվերը բավարար չեն հաշվարկելու համար, թե Ադրբեջանից քանի փախստական էր մնացել երկրում։ Անհայտ թվով փախստականներ կարողացել են տեղավորվել ու ապրել հարազատների կամ ընկերների մոտ։ Ոմանք նույնիսկ կարողացել են Ադրբեջանում իրենց բնակարաններն ու տները փոխանակել՝ Հայաստանից բռնագաղթած ադրբեջանցիների հետ։
2004թ․-ի ակտում նշվում էր, որ 10,000 փախստական ընտանիք (մոտ 40,000 մարդ) դեռևս բնակարանի կարիք ուներ, այդ թվում՝ 3470 ընտանիք (մոտ 13,880 մարդ) ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ: Կառավարության նոր ծրագիրը նախատեսում էր բնակարանային խնդիրը լուծել բնակարանների գնման վկայականների և կառավարության կողմից կառուցված քոթեջների միջոցով, ինչպես նաև փախստականներին հնարավորություն տալ սեփականաշնորհել պետական սեփականություն հանդիսացող շենքերի սենյակները, որտեղ նրանք ապրում էին։ (հանրակացարաններ, հին հյուրանոցային համարներ և այլն):
«2005 թվականից սկսած ամեն տարի բյուջեից ահռելի գումարներ էին հատկացվում այդ խնդրի լուծման համար։ Մոտ 1200 ընտանիք մինչև 2008թ.-ը ստացել է բնակարանի գնման վկայագիր։ Ամեն տարի 300-ից 400 ընտանիքի տրվում էին վկայագրեր»,- ասում է Եգանյանը, հավելելով, որ այդ ընտանիքներից մոտ 200-ին չի հաջողվել տուն ձեռք բերել, քանի որ վկայագրերը պետք է օգտագործվեին տրամադրվելուց հետո մինչև վեց ամսվա ընթացքում։
«2008թ․-ից հետո, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով, Հայաստանը ստիպված եղավ հրաժարվել բազմաթիվ սոցիալական ծրագրերից, ներառյալ այս ծրագրից»,- ասում է Եգանյանը։
Three decades of displacement
«2009թ․-ից հետո նրանք դադարեցին խոսել փախստականների մասին»,- ասում է Բաքվից փախստական, «Փախստականների ձայն» ՀԿ-ի հիմնադիր Օկսանա Մուսայելյանը։
«Խնդիրն օրակարգից դուրս եկավ, քանի որ մարդիկ այստեղ ապրում էին ավելի քան 15 տարի, և նրանցից շատերն այլևս փախստականի կարգավիճակ չունեին։ Նրանցից ոմանք ստիպված եղան Հայաստանի քաղաքացիություն ընդունել: Չեմ ուզում ասել, որ նրանց «ստիպել են», բայց զգացողությունն այդպիսին էր»,- ասում է Օկսանան:
«Փախստականի կարգավիճակը միակ երաշխիքներից էր, որ իրենց իրավունքները կճանաչվեն միջազգային հանրության կողմից: Քաղաքացիություն ստանալն ինչ որ իմաստով նշանակում էր հրաժարվել որպես փախստական բնակարանային վկայական ստանալու կամ մի օր փոխհատուցում ստանալու հնարավորությունից: Բայց միևնույն ժամանակ, փախստականի կարգավիճակը շատ էր սահմանափակում մարդկանց»։
Օկսանան ասում է, որ նույնիսկ գրադարանից գիրք վերցնելը խնդիր էր փախստականի կարգավիճակ ունեցողի համար: «Փախստականներին հասարակության մեջ ինտեգրելու սոցիալական ծրագրեր չկային»։ Նրանք ասում էին. «Դե դու հայ ես, եկել ես Հայաստան, ի՞նչ խնդիր կա», - ասում է Օկսանան, նշելով, որ դա է եղել Հայաստանից փախստականների զանգվածային արտագաղթի պատճառներից մեկը։
«Հայաստանը չկարողացավ օգտագործել այն ներուժը, որն իրենց հետ բերել էին Ադրբեջանից հայ փախստականները»,- ասում է նա։
Օկսանան 2017թ.-ից սկսեց բարձրաձայնել փախստականների բնակարանային ապահովման խնդիրը։ Իր՝ «Փախստականների ձայն» կազմակերպության միջոցով, նա հավաքագրել էր մոտ 20,000 մարդու տվյալ, ովքեր դեռ չէին ստացել Հայաստանի քաղաքացիություն և դեռևս փախստականի կարգավիճակ ունեին։
Իր բնակարանային վկայագիրն Օկսանան ստացավ 2015թ․-ին, թեև՝ ոչ փախստականների բնակարանային խնդիրները լուծելու համար նախատեսված ծրագրի շրջանակներում։ Այն շենքում, որտեղ նա ապրում էր այդ ժամանակ, բացվեց հոգեկան առողջության կենտրոն, և կառավարությունը բնակարանների գնման վկայագրեր հատկացրեց շենքում ապրող ինը ընտանիքներին (որոնցից հինգը փախստական ընտանիքներ էին):

TԲնակարանաշինության ծրագիրը մոռացության մատնվեց մինչև 2019թ․-ը, երբ նորընտիր կառավարությունը որոշեց բյուջետային միջոցներ հատկացնել խնդրի լուծման համար։
«2008-2019թթ․-ին շատ ընտանիքներ, որոնք ապրել են ծայրահեղ վատ պայմաններում, լքել են Հայաստանը»,- ասում է Հայաստանի միգրացիոն ծառայության հասարակայնության հետ կապերի համակարգող Նելլի Դավթյանը։
2019թ․-ի ծրագրի շնորհիվ Երևանում բնակվող և սոցիալապես անապահով փախստական ընտանիքները բնակարանների գնման վկայագրեր ստացան։

story story

Ռիմա Աբրահամյանը և նրա ընտանիքը 1988թ.-ին ստիպված են եղել հեռանալ Բաքվից։ Որոշ ժամանակ բնակարան վարձելուց հետո, ի վերջո, տեղափոխվել են համալսարանական մի հին շենք, որտեղ արդեն իսկ բնակություն էին հաստատել մի քանի ընտանիք։ Աբրահամյանի ընտանիքը 2019թ․-ին ստացել է բնակարանի գնման վկայագիր և գնել տուն Արմավիր քաղաքում, ուր տեղափոխվել են 2021թ․-ի հունվարին։

Ըստ ՀՀ Միգրացիոն ծառայության՝ այս ծրագիրը կլուծի Երևանի ամենախոցելի խավերի բնակարանային ճգնաժամը։ Ծրագրի ավարտից հետո, մարզերում բնակվող 250 ծայրահեղ աղքատության մեջ գտնվող փախստական ընտանիքների համար կսկսվի երեք փուլից նախատեսված նոր ծրագիր։